Ջրի կենսական նշանակությունը առավել զգալի է դառնում ամռան տապին: Եվ հենց օգոստոսյան շոգ օրերին է, որ Նորք-Մարաշի բնակիչները ջրի խնդիր են ունենում:
«Ամեն օր, որպես կանոն, մեր ջուրը կտրում են շոգ ժամերին. բա մենք մեղք չե՞նք»,- հեռախոսազանգով մեզ էին բողոքում Նորք-Մարաշի բնակիչները: Իհարկե, անջուր կյանքը բանի պետք չէ, իհարկե, բնակիչները մեղք են, բայց կա մի դրական կողմ՝ լավ է, որ ջուրը կտրվում է ոչ թե ամբողջ օրը, այլ մեկ ժամով, բայց ցավոք՝ ամեն օր:
Եվ ինչպես ցանկացած դեպքում, այս դեպքում ևս բնակիչներն ունեն իրենց ենթադրությունները իրենց հասանելիք ջուրը կանոնավոր կտրելու հարցում: «Պարզ չէ՝ մեր ջուրը կտրում են, որ «Ջրաշխարհի՞ն» բաժին հասցնեն, թե՞ մեր թաղի որոշ մեծահարուստների այգիները ոռոգվում են մեր խմելու ջրի հաշվին»:
Եվ այսպես, եթե բնակիչների համար ամեն ինչ պարզ է, ապա «Երևան ջուր» ընկերության համար պարզ չէ։ «Անհիմն կարծիքներ են, «Ջրաշխարհը» Նորք-Մարաշի հետ կապ չունի»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեցին ընկերությունից: Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ ամեն օր մեկ ժամով կտրվում է բնակիչների ջուրը:
«Գաղտնիք չէ, որ ամռան շրջանում մայրաքաղաքում մոտ 20 %-ով ավելանում են ջրի սպառման ծավալները: Դա լրացուցիչ լարվածություն է առաջացնում համակարգում: Մյուս կողմից՝ օգոստոսը անձրևասակավ ամիս է, իսկ Նորք-Մարաշը հիմնականում կառուցապատված է անհատական տնատիրություններով, որտեղ շատ են այգիները: Հետևաբար դրանք ոռոգել է պետք: Մինչդեռ վարչական շրջանում ըստ էության բացակայում է ոռոգման համակարգը, ինչի պատճառով ծանրաբեռնվածությունը նորից ընկնում է խմելու ջրի վրա: Միայն վերահսկողության միջոցով հնարավոր չէ այս երևույթի դեմն առնել: Շատ բնակիչներ (օրինական, թե ապօրինի) ծառ ու ծաղիկ ջրում են խմելու ջրով: Այս պարագայում զարմանալ պետք չէ, որ տարածքին ջուր մատակարարող 4 հազար խմ տարողությամբ ջրամբարը՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ, երբեմն ի վիճակի չէ ապահովելու սպառողների կարիքները: Ժամանակ առ ժամանակ վարչական շրջանի տարբեր մասերում նվազում է ջրի ճնշումը, կամ ջրամատակարարումն ընդհանրապես ընդհատվում է: Ի դեպ, կարող են լինել նաև այլ, այդ թվում՝ տեխնիկական բնույթի պատճառներ: Ամեն դեպքում առաջացող խնդիրներին «Երևան ջուրը» փորձում է լուծումներ տալ: Մասնավորապես վերջին օրերին կանոնավորվել է Նորք-Մարաշի 13-րդ փողոցի ջրամատակարարումը: Այո, կան դժգոհություններ, սակայն դրանց քանակը տարեցտարի նվազում է: Ընկերությունն ընդհանուր առմամբ ապահովում է գրաֆիկով նախատեսված ջրամատակարարումը»,- մեզ հետ հեռախոսազրույցում պարզաբանեց «Երևան ջուր» ընկերության լրատվական ծառայության պատասխանատու Մուրադ Սարգսյանը:
Այլ կերպ ասած՝ խնդիրն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Սակայն, Մուրադ Սարգսյանի փոխանցմամբ, «Երևան ջուրը» պատրաստվում է լուրջ ծրագիր իրականացնելու, ինչի արդյունքում նման խնդիրները պետք է վերանան: Մասնավորապես, ընկերության ներկայացուցիչը նշեց, որ առաջիկա 3-4 տարիներին Եվրամիության ֆինանսական կառույցների աջակցությամբ Երևանի 9 վարչական շրջանների անհատական տնատիրություններով կառուցապատված թաղամասերում ամբողջությամբ կփոխարինվեն 152 կմ հնամաշ, վթարային ջրագծեր: «Արդյունքում նոր ջրագծերը կհասցվեն մինչև սեփական տների դարպասները, որտեղ կտեղադրվի բետոնե դիտահոր: Դարպասից ջրագիծը դեպի տուն պետք է անցկացնի սպառողը իր միջոցներով: Այդ ծրագրի շրջանակներում մեր ընկերությունն անվճար տրամադրելու է նաև ջրաչափեր, փականներ ու զտիչներ: Մեր օգնությունը սպառողներին մեկ բաժանորդի հաշվով կազմելու է 80-100 հազար դրամ»,- վստահեցրեց «Երևան ջուր» ընկերության մամուլի ծառայության պատասխանատուն:
Ըստ «Երևան ջրի», նոր ներքաղաքային բաշխիչ ցանցը թույլ կտա վերացնել ապօրինի ջրագծերը, նվազեցնել հոսակորուստը, ապահովել կայուն ճնշում, ջրի բարձր որակ ու իրացման ծավալների ավելացում: Այս ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքները մայրաքաղաքում կսկսվեն արդեն հոկտեմբերին:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ